«Սյունիք» են տեղափոխվել չորս ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Դավիթ Փարեմուզյանը «Սյունիք» է տեղափոխվել «Գանձասարից»։ 23-ամյա եզրային հարձակվողը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել նաև Վանաձորի «Լոռիում»։ Առաջին խմբի առաջնություններում Փարեմուզյանը 72 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի նորեկը նաև 13 խաղի է մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում՝ գրանցելով երկու գոլային փոխանցում։ Փարեմուզյանը եղել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 և երիտասարդական հավաքականների անդամ։
Ռուբեն Կարագուլյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Սպարտակի» սան է։ Հանդես է եկել նաև «Սոչի» Մ19 և «Դինամո Ստավրոպոլ» թիմերում։ Կարագուլյանը «Սյունիք» է տեղափոխվել «Լեռնային Արցախից», որտեղ անցկացրել է նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածը։ 20-ամյա կենտրոնական պաշտպանը նաև հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական։
Պատվական Ավետիսյանը «Սյունիք» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»։
21-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Երևանի «Միկայում», այնուհետև տեղափոխվել «Արարատ-Արմենիա»։ Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը Ավետիսյանը վարձավճարով անցկացրել է «Նոայում»։ Նրա ակտիվում կա Առաջին խմբի 80 և Բարձրագույն խմբի 14 հանդիպում։
Ավետիսյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ17, Մ18 և Մ19 հավաքականներում։
Սևակ Ասլանյանը «Սյունիք» է տեղափոխվել Երևանի «Ալաշկերտից»։ Ասլանյանը «Փյունիկի» սան է։ Ակումբի համակարգում է եղել մինչև 2022 թվականը։ Հայաստանի Առաջին խմբի առաջնություններում 25-ամյա դարպասապահը մասնակցել է 60 հանդիպման։ Ասլանյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ19 և Մ21 հավաքականներում։