Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Դեյլի Բլինդը շուտով կդառնա իսպանական «Ժիրոնայի» խաղացող, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 7-ին, հոլանդացին բուժզննում կանցնի իր նոր ակումբի համար։ Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները:
Հիշեցնենք, որ Բլինդը «Բավարիա» է տեղափոխվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում հոլանդացին մյունխենյան թիմի կազմում հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Պաշտպանի պայմանագիրը բավարացիների հետ ավարտվում էր այս տարվա հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 3 միլիոն եվրո։























































