Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով Հայաստանի ներկայացուցիչների համար ավարտվել են սուսերամարտի և ջրացատկի մրցումները:
Այսօր՝ հունիսի 27-ին, մարտուղյակ են դուրս եկել խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանն ու Գրիգոր Մնացականյանը: Նավասարդյանը որակավորման փուլում չտանելով ոչ մի հաղթանակ՝ չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը, իսկ Մնացականյանը երկու հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել 1/64-րդ եզրափակիչ, որտեղ արդեն մրցել է Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռոդ Մաքսի հետ ու 7-15 հաշվով զիջել նրան:
Հիշեցնենք՝ Հայաստանի բազմակի չեմպիոն ու առաջատար խոցասուսերակիր Էմմա Պողոսովան երեկ, հաղթահարելով որակավորման փուլը, դուրս էր եկել լավագույն 64 մարզիկների խումբ, որտեղ սակայն 15-5 հաշվով զիջել էր Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Աննա Զենսին:
Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանն ու Բորիս Դադայանը, որոնք, սակայն, չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլը:
Ինչ վերաբերում է ջրացատկորդներին, ապա այսօր կայացել է 10 մ. աշտարակացատկի մրցումը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Մարատ Գրիգորյանը և վերջնարդյունքում զբաղեցրել նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը, վաստակելով 253.40 միավոր: Հաղթողի տիտղոսը նվաճել է գերմանացի Տիմո Բարտելը՝ 434.15 միավորով:

Ավելի վաղ Հայաստանի ջրացատկի հավաքականը Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան, Ալիսա Զաքարյան կազմով մասնակցել էր խառը զույգերով 3 մ. և 10 մ. ցատկերի թիմային առաջնությանը: Մեր քառյակը վաստակել էր 215,85 միավոր և 9 մասնակիցների պայքարում գրավել 8-րդ տեղը:
Հիշեցնենք՝ Հայաստանը դեռևս 3 մեդալ է նվաճել Եվրոպական ամառային երրորդ խաղերում: Խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում: Բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմն՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: Առաջնությանը 8 երկրի թիմ է մասնակցել, յուրաքանչյուրում՝ մեկ տղամարդ և մեկ կին մասնակից:
Կրակովի տատամիի վրա հանդես է եկել նաև թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը (74 կգ)՝ հենց մեկնարկում զիջելով Իսպանիայի ներկայացուցչին:
Հուլիսի 28-ից Եվրոպական խաղերում իրենց ուժերը կչափեն թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:
Հիշեցնենք՝ Խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարում են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը Եվրոպական ամառային երրորդ խաղերում 57 մարզիկ է ներկայացնում` 9 մարզաձևում:
























































