Միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ գործադիր կոմիտեն որոշել է փոփոխություններ կատարել խաղերի բացման արարողակարգում: Մասնակից յուրաքանչյուր երկրի դրոշակակիր պետք է լինեն երկսեռ մարզիկներ /մեկական տղամարդ և կին/: Դա առաջին անգամ կկիրառվի Տոկիոյում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի մարզակառույցները լիովին պատրաստ են խաղերն ընդունելու համար: Արդեն վաճառվել է 4,5 միլիոն տոմս: Ճապոնիայի բնակչությունը մեծ խանդավառությամբ է սպասում օլիմպիական խաղերի մեկնարկին:
32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաշվետվություն է ներկայացրել կատարած աշխատանքների մասին: Վերջնականապես հաստատվել է ջահի երթուղին և օլիմպիական ավանի ղեկավար է ընտրվել Սաբուրու Կավաբուչին:
2023թ. կայանալիք ՄՕԿ-ի հաջորդ վեհաժողովի անցկացման վայր է առաջարկվել Հնդկաստանի Մումբայ քաղաքը և միջոցառումը նվիրվելու է այդ երկրի անկախության տոնին:
Լոզանում անցկացված ՄՕԿ-ի գործկոմի նիստում խոսվել է նաև այն մասին, որ կորոնավիրուսը չպետք է խանգարի Տոկիո 2020-ի անցկացման ժամկետներին և կայացմանը: Բոլոր օլիմպիականները պետք է շարունակեն իրենց նախապատրստական մարզումները: