Կարիմ Բենզեման պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը՝ ընդունելով Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբի գերշահավետ առաջարկը։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, մի քանի ժամ առաջ հարձակվողը Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի լիգա տեղափոխվելու որոշման մասին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր ԶԼՄ-ներում ֆրանսիացին նոր ակումբում տարեկան 100 միլիոն եվրո է վաստակելու։
Այսօր Defensacentral-ը հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին ասել է, որ Բենզեման 90% հավանականությամբ կհեռանա և կտեղափոխվի սաուդյան ակումբ։
Միաժամանակ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված էր ֆրանսիացու հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում։
Ինչպես հայտնում է լրագրող Սանտի Աունան, Մադրիդի «Ռեալը» զարմացել է, երբ Կարիմ Բենզեման հայտարարել է ակումբը լքելու մտադրության մասին։ Այս որոշումն անսպասելի էր «արքայական ակումբի» համար, որը հույս ուներ շարունակել ֆրանսիացի հարձակվողի հետ համագործակցությունը։
Բենզեմայի հեռանալը լրացուցիչ բարդություններ է ստեղծում Մադրիդի «Ռեալի» համար, նշում է աղբյուրը, քանի որ ակումբն այժմ ստիպված է վերանայել իր ծրագրերը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի համար: