«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբում աշխատելու դժվարությունների մասին.
«Ակումբում իմ բացակայության ընթացքում գլխավոր փոփոխությունը երկրպագուներն են։ «Բարսելոնայում» մարզչի համար երեք անգամ ավելի դժվար է, քան խաղացողների համար, քանի որ երկրպագուները կարծում են, որ դու պատասխանատու ես ամեն ինչի համար։ Հիմա ասում են՝ Չավիի չեմպիոնությունն է։ Բայց սա թիմային աշխատանքի արդյունք է։
Ինձ համար առաջնությունը շատ կարևոր է։ Գիտեի, որ դժվար է լինելու, բայց շատ էի ցանկանում հաղթել, և ի վերջո համառությունս տվեց իր արդյունքը։ Բայց Չեմպիոնների լիգայում կրած պարտությունը շատ տհաճ էր։
Երբեմն թվում է, թե «Բարսելոնայում» շատ դաժան միջավայր է։ Երբ ամեն ինչ լավ է, նրանք դժգոհ են, երբ ամեն ինչ վատ է, նրանք ուրախանում են: Փորձում եմ չարձագանքել քննադատություններին, բայց դա անհնար է։ Դա հասնում է ծնողներիս, կնոջս, երեխաներին… Ես տանն եմ, տեղացի եմ, և այս դեպքում պետք է եռապատիկ տառապել:
Հուսով եմ, որ այս տարին կնշանակի ինչ-որ կարևոր բանի սկիզբ: Մենք ցանկանում ենք ուժեղանալ և դառնալ ավելի մրցունակ»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
























































