Մայիսի 13-ին Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկությունում միմյանց հետ կմրցեն «Ուրարտուն» և «Շիրակը», որը կլինի գավաթային եզրափակչում թիմերի առաջին դիմակայությունը։
10-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ
Երևանյան թիմը երկրորդ տարին անընդմեջ Fastex Հայաստանի գավաթի եզրափակչի ուղեգիր է նվաճել: «Ուրարտուն» 10-րդ անգամ կվիճարկի գավաթը։ Նախորդ 9-ից 3 անգամ թիմը կարողացել է գլխավերևում պահել գավաթը՝
1992թ․ «Ուրարտու» (այն ժամանակ՝ «Բանանց») — «Հոմենթմեն» 2-0
2007թ․ «Ուրարտու» — «Արարատ» 3-1
2016թ․ «Ուրարտու» — «Միկա» 2-0
ԳՈԼԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ
Գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչում ու կիսաեզրափակչում «Ուրարտուից» աչքի են ընկել 7 տարբեր ֆուտբոլիստներ, որոնք հաղթանակ ապահովեցին «Արարատ-Արմենիայի» (4-0) և «Գանձասարի» հետ խաղերում (4-0): Նրանք են Մաքսիմ Մայրովիչը, Դավիդ Խուրցիձեն, Դմիտրո Խլյոբասը, Նարեկ Գրիգորյանը, ժիրայր Մարգարյանը, Թեմուր Ջիկիան և Արաս Օզբիլիզը։ Վերջինս կիսաեզրափակչում դուբլ գրանցեց՝ բացելով նաև իր գոլերի հաշիվը «Ուրարտուի» կազմում պաշտոնական խաղերում։
«ՇԻՐԱԿԸ» 8-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՊԱՅՔԱՐԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ
Վերջին անգամ Գյումրիի թիմը գավաթը վիճարկելու հնարավորություն է ստացել 2017-ին։ «Շիրակի» համար հաղթական են եղել 7 եզրափակիչներից 2-ը՝
2012 թ․ «Շիրակ» — «Իմպուլս» 1-0
2017թ․ «Շիրակ» — «Փյունիկ» 3-0
«Շիրակի» ուղեգիրը գավաթի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ փուլ ապահովեց հետխաղյա 11-մետրանոցներով «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակը։
Այսպիսով, Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչը հանդիպումն «Ուրարտուի» և «Շիրակի» միջև կկայանա մայիսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում։