Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շնորհավորել է «Նապոլիին» Ա Սերիայի տիտղոսը նվաճելու կապակցությամբ և երկրպագուներին վստահեցրել, որ հաջորդ մրցաշրջանում թուրինցիները պայքարելու են տիտղոսի համար։
«Երբ թիմը հաղթում է, նշանակում է, որ նա իրեն ավելի ուժեղ է դրսևորել։ Յուրաքանչյուր մրցաշրջան, իհարկե, ունի իր պատմությունը. կան մրցաշրջաններ, երբ ամեն ինչ քո օգտին չէ, բայց կան իրավիճակներ, երբ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է:
Ամեն դեպքում, «Նապոլին» արժանի էր սկուդետոյին թե՛ թվերով, թե՛ այն ամենով, ինչ արեց։ Պետք է շնորհավորել նրանց։ Բայց, կրկնում եմ, ամեն նոր մրցաշրջան նախորդի նման չէ, իսկ հաջորդ տարի, բնականաբար, պայքարը սկզբից է սկսվելու։
Իհարկե, նման իրավիճակներում հպարտությունը միշտ վիրավորվում է. երբ պաշտպանում ես «Յուվենտուսի» գույները, որը միշտ պայքարում է բոլոր մրցաշարերում հաղթանակի համար, ցավալի է պարտվելը։ Նորմալ չէ, որ երրորդ տարին է, ինչ չենք կարողանում հաղթել առաջնությունում։ Հաջորդ տարի «Յուվենտուսը» պետք է վերադառնա ոսկու համար պայքարին և փորձի նվաճել չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Ալեգրին «Ատալանտայի» դեմ առաջնության խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Յուվենտուսը» 2011-ից 2020 թվականներին անընդմեջ հաղթել է Ա Սերիայի ինը տիտղոս: Ընդհանուր առմամբ, թուրինցիները 36 անգամ են դարձել Իտալիայի չեմպիոն։ «Յուվեն» այս մրցաշրջանում անցկացրած 33 խաղից հետո 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: