«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն գոհ չի մնացել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործողություններից Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում:
Հանդիպումը կայացել է Մադրիդում և ավարտվել տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով: Դրվագներից մեկում Ժունիորն ընկել է կատալոնական ակումբի տուգանային հրապարակում, ինչից հետո Պիկեն իր դժգոհությունն է հայտնել ֆուտբոլիստին.
«Դու խելագա՞ր ես: Ի՞նչ պատահեց քեզ: Դու խելագա՞ր ես: Ես չդիպչեցի քեզ»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Այդ խաղում Վինիսիուսը, հիշեցնենք, գոլի հեղինակ դարձավ ու սկիզբ դրեց մադրիդցիների հաղթանակին:
«Ռեալը», վաստակելով 56 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է բարձրացել: «Բարսելոնան» 55 միավորով 2-րդ տեղում է: Հաջորդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս կմրցի «Բետիսի» հետ: Խաղը կկայանա մարտի 8-ին: Իսկ «Բարսելոնան» տնային խաղ կանցկացնի «Ռեալ Սոսյեդադի» հետ (մարտի 7):