«Բավարիայի» պաշտպան Դեոտ Ուպամեկանոն ասել է, որ Կիլիան Մբապեին համարում է աշխարհի լավագույն խաղացողը։ Ֆրանսիացի պաշտպանը նման կարծիք է հայտնել այն բանից հետո, երբ լրագրողը հարցրել է, թե ինչպես է իրեն հաջողվել փակել Մբապեին ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։
«Շատ ավելի հեշտ է, երբ նա խաղում է քո թիմում: Պետք է միշտ գործել հավասարակշռված, պատրաստ լինել շարժվել ցանկացած ուղղությամբ։ Մենք չպետք է կորցնենք զգոնությունը, դուք պետք է վերահսկեք նրա շարժումը դաշտում և մարմնի լեզուն: Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է։ Հոյակապ ֆուտբոլիստ»,- ասել է Ուպամեկանոն The Guardian-ին:
Ֆրանսիացին կիսվել է նաև ԱԱ-2022-ի եզրափակչի հիշողություններով, որում Ֆրանսիայի հավաքականը պարտվել է Արգենտինային (3:3 հիմնական և լրացուցիչ ժամանակում, 2։4՝ 11 մետրանոց հարվածաշարում):
«Դա իմ առաջին աշխարհի առաջնությունն էր, և այն անմոռանալի էր: Մենք այնքան մոտ էինք հաղթանակին:
Մենք հասկանում էինք, որ առաջին խաղակեսում վատ խաղացինք։ Բայց մարզիչն ասաց. «Սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, պետք է ամեն ինչ տալ»: Եվ մենք որոշեցինք ամեն ինչ անել հաղթելու համար։ 11-մետրանոցները վիճակախաղ են։ Ինձ համար մինչև հիմա դեռ ցավալի է»,- ասել է Ուպամեկանոն: