«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կիսվել է Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքներով՝ ասելով, որ դա կլինի աշխարհի լավագույն երկու մարզիչների հանդիպումը։
«Երկու թիմերն էլ ցանկանում են հաղթել Չեմպիոնների լիգայում և կանեն ամեն ինչ, որպեսզի հասնեն դրան: Մենք գիտենք «Բավարիայի» ուժեղ կողմերը, հատկապես, թե որքան ուժեղ են նրանք տանը: Դա կլինի աշխարհի լավագույն մարզիչներից երկուսի հանդիպումը։ Երկուսն էլ առանձնանում են իրենց ոճով և դետալների հանդեպ սիրով»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան, իսկ «Բավարիան» գլխավորում է Թոմաս Տուխելը, որը շուրջ երկու շաբաթ առաջ ստանձնել մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին և 19-ին։