Շաբաթ օրը «Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, ով պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ մինչև 2025 թվականի կեսերը։
Գլխավոր մարզչի պաշտոնում նա փոխարինեց Յուլիան Նագելսմանին, որին «Բավարիան» որոշեց հեռացնել՝ թիմում առաջընթացի բացակայության պատճառով։
Տուխելն արդեն աշխատում է ամառային տրանսֆերային ծրագրերի վրա։ Todofichajes-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան հայտնվել է «Բավարիայի» տրանսֆերային ցուցակում։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Բացի այդ, գերմանական ակումբում կարծում են, որ Տուխելի գալը կավելացնի Հարի Քեյնի՝ Բունդեսլիգա տեղափոխվելու հավանականությունը։ Տուխելը ևս հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Հավելենք, որ «Բավարիան» այժմ զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ Դորտմունդի «Բորուսիայից» հետ մնալով մեկ միավորով։