Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Նոային» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Երևանյան թիմը տարել է իր 4-րդ անընդմեջ հաղթանակը։
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Էդգար Մալաքյանը (42′) և Լուկա Յուրիչիչը (71′)։
Օրվա մյուս խաղում էլ առաջատար «Ուրարտուն» Արմավիրի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Լեռնային Արցախի» կողմից և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Երևանյան թիմի կազմում տանտերերի դարպասը գրավել են Թեմուր Ջիկիան, Եվհենի Ցիմբալյուկը և Նարեկ Գրիգորյանը։
Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ 23 խաղից հետո իր ակտիվում ունենալով 56 միավոր։ «Լեռնային Արցախը» 21 միավորով գտնվում է 8-րդ տեղում, «Փյունիկը» 46 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Նոան» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։