Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջին անգամ խոսել է այն մասին, թե իր կարծիքով ինչու է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հեռացել ազգային թիմից՝ Կատարում կայացած ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ։
«Ես կորցրեցի հերթական շատ կարևոր խաղացողի. պետք է պատմեմ դրա մասին։ Կարիմը վշտացած է, քանի որ այս աշխարհի առաջնությունն իր համար շատ բան էր նշանակում: Նա ինձ ասաց, որ մեռած է: Մեր բժշկի կողմից տրված ախտորոշումը համընկել է նրա հետ, ինչ ասել էին Մադրիդում։ Լավագույն դեպքում նա կարող էր մարզումներին վերադառնալ դեկտեմբերի 10-ից ոչ շուտ։ Նա սոցցանցերում գրել էր, որ հիասթափված է, որ ստիպված է հաշտվել հեռանալու հետ՝ դա հիմնավորելով թիմի նկատմամբ մտահոգությամբ։ Մենք նրա հետ մնացինք քսան րոպե։ Երբ հեռանում էի, ասացի. «Կարիմ, մի՛ շտապիր»։ Երբ արթնացա, նա արդեն գնացել էր։ Սա նրա որոշումն է, ես հասկանում և հարգում եմ նրան։ Նա ինձ հաստատեց միջազգային կարիերան ավարտելու իր որոշումը: Ինձ մի հարցրեք, թե ինչու: Պատճառների մասին պատմելը կամ չասելը նրա իրավունքն է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
Հիշեցնենք, որ Բենզեման ընդգրկված էր Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում 2022 թվականի աշխարհի առաջնության համար, սակայն լքեց թիմի ճամբարը մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ։ Պաշտոնական վարկածը վնասվածքն է։ Ինքը՝ ֆուտբոլիստը, իր հեռանալը բացատրել է նրանով, որ որոշել է տեղը զիջել մեկին, ով ավելի շատ կօգնի ազգային թիմին։ Ըստ լուրերի՝ Դեշամի ու Բենզեմայի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Բենզեման սոցցանցերում դադարել է հետևել Ֆրանսիայի հավաքականում իր մի շարք թիմակիցներին։
























































