Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բավարիան» ցանկանում է վարձակալել պորտուգալացի պաշտպանին՝ նրան հետագայում ձեռքբերելու հնարավորությամբ: Նշվում է, որ մյունխենյան ակումբում վաղուց են հետևում ֆուտբոլիստին և մտադիր են նրա հետ պայմանագիր կնքել՝ հաշվի առնելով այն դժգոհությունը, որ ֆուտբոլիստն ունի «Մանչեսթեր Սիթիի» վերջին խաղերում ստացած անբավարար խաղաժամանակի պատճառով:
28-ամյա Կանսելուն 2019 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Անգլիական թիմի կազմում պորտուգալացին 154 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: