Մանչեսթերում ավարտվել է անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի հանդիպումը ՄՅՈւ-ի և «Ուոթֆորդի» միջև: Տանտերերը 3:0 հաշվով հաղթանակ են տարել:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաշիվը բացել է առաջին կեսի վերջնամասում: 42-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը ներխուժել է մրցակցի տուգանային, շրջանցել դարպասապահ Բեն Ֆոստերին ու ստիպել նրան խախտել կանոնները: Արդյունքում մրցավար Մարտին Ատկինսոնը 11-մետրանոց է նշանակել, ինչն անվրեպ է իրացրել անձամբ պորտուգալացին: Սա Ֆերնանդեշի համար դարձել է առաջինն ԱՊԼ-ում:
53-րդ րոպեին անկյունայինից հետո «Ուոթֆորդի» հարձակվող Տրոյ Դինին կարողացել է գրավել տանտերերի դարպասը, սակայն գոլը չի արձանագրվել տեսակրկնությունը դիտելուց հետո: Գրոհի սկզբում «Ուոթֆորդի» ֆուտբոլիստներից մեկը ձեռքով է խաղացել:
58-րդ րոպեին հարձակվող Անտոնի Մարսյալը կրկնապատկել է տանտերերի առավելությունը: Ֆրանսիացին մրցակցի տուգանայինում ստացել է գնդակը, սակայն առաջին փորձից չի կարողացել գրավել դարպասը, բայց հետո դարպասապահի վրայով գնդակն ուղարկել է դարպասը: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Մեյսոն Գրինուդը՝ 75-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավոր է վաստակել ու բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Ուոթֆորդը» 24 միավորով գտնվում է 19-րդ տեղում: