Fastex ՀՊԼ 18-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիային» և բաց թողել հաղթանակը՝ 2-2 հաշվով ավարտելով հանդիպումը:
Խաղի հաշիվը արդեն 19-րդ րոպեին բացել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը, իսկ 2 րոպե անց բանակայինների առավելությունը կրկնապատկել է Հայաստանի ազգային հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը: Թիմերն ընդմիջման են գնացել 2-0 հաշվի պայմաններում:
«Արարատ-Արմենիայի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Ուիլֆրիդ Եզան՝ 78-րդ րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը, իսկ 87-րդ րոպեին էլ հաշիվը հավասարեցրել է բրազիլացի հարձակվող Ագդոնը՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» շարունակում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 36 միավոր, իսկ ԲԿՄԱ-ն 9 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է:
























































