«Բարսելոնան» ակումբի անդամների համագումարից առաջ ամփոփել է տարվա ֆինանսական արդյունքները, հայտնում է Diario Sport-ը։
Իսպանական ակումբը 2021/22 ֆինանսական տարվա ընթացքում ունեցել է 750 միլիոն եվրո եկամուտ և 856 միլիոն եվրո ծախսեր: Կատալոնացիները մոտ 270 միլիոն եվրո են վաստակել Sixth Street-ին հեռուստատեսային իրավունքների վաճառքից։ «Բարսելոնայի» զուտ շահույթը հարկերից հետո կազմել է 98 միլիոն եվրո։
Նաև տարվա ընթացքում կատալոնական ակումբը կրճատել է աշխատավարձերի ծախսերը գրեթե 100 միլիոն եվրոյով՝ 617 միլիոնից հասցնելով 518-ի:
Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկության յոթ տուրից հետո թիմը 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Չավիի սաները երեք խաղում վաստակել են երեք միավոր և իրենց քառյակում երրորդն են։