Կիլիան Մբապեն կոնֆլիկտ ունի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) հետ։
ՊՍԺ-ի հարձակվողը հրաժարվել է մասնակցել երեքշաբթի նախատեսված Ֆրանսիայի հավաքականի ֆոտոշարքին։
23-ամյա հարձակվողի և ֆեդերացիայի միջև կոնֆլիկտը կապված է ազգային հավաքականի ֆուտբոլիստների իմիջային իրավունքների օգտագործման շուրջ տարաձայնությունների հետ։
Մբապեի և ՖՖՖ-ի կոնֆլիկտի մասին հայտնի էր դարձել դեռ այս տարվա մարտին։ Այդ ժամանակից ի վեր կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այս հարցում։
Մբապեն համաձայն չէ, որ իր անունն օգտագործվում է հովանավորների գովազդի համար, որոնց հետ պայմանագրեր չունի։ Նրան դուր չեն գալիս որոշ ապրանքանիշեր, որոնց հետ համագործակցում է ֆեդերացիան։ Օրինակ՝ Coca-Cola-ն թիմի հովանավորների թվում է, իսկ Կիլիանը ուրախ չէ, որ զբաղվում է առողջ ապրելակերպից հեռու ապրանքանիշի գովազդով։
Ակնկալվում է, որ Coca-Cola-ն, ինչպես նաև Uber Eats-ը, KFC-ն և այլ ապրանքանիշեր ներկայացված կլինեն վաղվա ֆոտոսեսիային։