ՊՍԺ-ի հարձակող Նեյմարն առաջվա պես գոհ չէ թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պահվածքից:
Goal.com-ը հայտնում է, որ ֆուտբոլիստների միջև լարվածությունը չի անդրադառնում ՊՍԺ-ի հանդերձարանում տիրող մթնոլորտին:
Չնայած վերջերս տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ կոնֆլիկտը փորձել են հարթել, Նեյմարը դեռևս զայրացած է, որ Մբապեն դարձել է թիմի 11-մետրանոցների հիմնական իրացնողը: Բրազիլացին կարծում է, որ Կիլիանն ինքն է պատասխանատու այն բանի համար, որ այս հարցով կոնֆլիկտ է առաջացել:
Նեյմարն ու Մբապեն մրցաշրջանի մեկնարկից ի վեր միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են: Ի սկզբանե, Կիլիանին բարկացրել է այն, որ 30-ամյա հարձակվողը մեծ ազդեցություն է ունեցել հանդերձարանում, իսկ Նեյմարին դուր չի եկել այն, որ ֆրանսիացին իրեն եսասերի պես է պահում խաղադաշտում:
Այս տարաձայնություններին ականատես եղանք Չեմպիոնների լիգայի՝ ՊՍժ-ի և «Յուվենտուսի» միջև տեղի ունեցած խաղի ժամանակ (2:1), երբ Մբապեն գնդակը չփոխանցեց Նեյմարին, որը կարող էր հարվածել դատարկ դարպասին, այլ ինքը հարվածեց և վրիպեց: Այս դրվագը զայրացրեց բրազիլացուն:
Նեյմարը փորձում է իր դժգոհությունը հանդերձարանում ի ցույց չդնել: Նշվում է,որ վերջին շրջանում իր ամենավստահելի մարդը Սերխիո Ռամոսն է:
Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ի մարզիչ Քրիստոֆ Գալյեն Մբապեին և Նեյմարին խնդրել է լրագրողների և տեսախցիկների առջև իրենց այնպես պահել, կարծես՝ ոչինչ չի եղել: Ֆուտբոլիստները դեռևս կատարում են այդ խնդրանքը:
Վաղը ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում շրջանակում հյուրընկալվելիս կխաղա Հայֆայի «Մաքքաբիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































