«Չելսին» բանավոր համաձայնության է եկել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերի հետ՝ թիմը գլխավորելու համար, հայտնում է Sky Sports-ը։
Լոնդոնյան ակումբի սեփականատեր Թոդ Բելին չորեքշաբթի հանդիպել է Փոթերի հետ Թոմաս Տուխելի պաշտոնանկությունից անմիջապես հետո: Բանակցությունները շարունակվել են հինգշաբթի առավոտյան։ Կողմերին մնում էր միայն համաձայնեցնել պայմանագրի պաշտոնական պայմանները։ Նշվում է, որ Փոթերն արդեն հրաժեշտ է տվել «Բրայթոնի» խաղացողներին և ակումբի աշխատակիցներին։
47-ամյա մասնագետը «Բրայթոնը» գլխավորել է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում թիմը Պրեմիեր լիգայի 4-րդ տեղում է։ Փոթերը նախկինում մարզել է շվեդական «Էստերսունդը» (2011-2018) և «Սուոնսին» (2018-2019):
«Չելսին» Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո 6-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են Զագրեբի «Դինամոյին» (0:1):