Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»: Օգոստոսի 18-ին կայանալիք խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է սպասելիքների մասին և ոչ միայն.
«Ինչպես նկատեցիք մեր ֆուտբոլիստները շատ համեստ են։ Ես գիտեմ, որ նրանք ունեն այդ վստահությունը։ Այո, այսօր «Փյունիկը» պատրաստ է պայքարելու։ «Շերիֆին» անցնելը իրական է։ Դա մեր ուժերից վեր չէ։ Մենք ուզում ենք պայքարել։ Ուզում ենք շարունակել մեր հաղթանակները։
Վերլուծել ենք հակառակորդին։ Գիտենք նրանց ուժեղ կողմերը, որոնք կփորձենք փակել։ Սևամորթ լավ արագ տղերք ունեն։ Տակտիկապես լավ թիմ է։ Եթե մենք չօգտագործենք այն պլանը, որը մշակել ենք, հակառակորդը խնդիրներ կստեղծի։ Պետք է ճիշտ պատրաստվենք։ Ունեն թույլ կողմեր նաև, որոնք պետք է օգտագործենք։ Մենք պատրաստ ենք վաղվա խաղին։ Եթե վաղվա խաղում հարցերը չլուծենք, ապա շատ դժվար կլինի, չնայած Կլուժի դեմ դուրսն էլ լուծեցինք հարցերը։
«Շերիֆը» «Կլուժի» նման թիմ է, լուրջ հակառակորդ է։ Պետք է շատ չարչարվենք, որպեսզի հաջողության հասնենք։ Ակումբի ուժը բյուջեի մեջ է։ Եթե թիմն ունի լավ բյուջե, կարող է չթուլացնել դիրքերը։
«Շերիֆի» բյուջեն մի քանի անգամ մեծ է մեր ակումբի բյուջեից։
Մենք ունենք թիմային ոգի և վաղը ցույց ենք տալու մեր առավելագույնը»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: