ԲԿՄԱ ակումբի նախաձեռնությամբ ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի պետի տեղակալ Արման Ալարբեքյանը ԲԿՄԱ-2 թիմի ֆուտբոլիստներին ներկայացրել է ֆուտբոլ խաղի կանոնները։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մասնավորապես, ԻՖԱԲ-ը և ՖԻՖԱ-ն Խաղի 11-րդ կանոնի (Խաղից դուրս) վերաբերյալ մշակել են ուղեցույցներ, պարզաբանել «միտումնավոր խաղի» և «շեղումի» տարբերությունները։
«Հաճախ մարզիչներն ու ֆուտբոլիստներն այս երկու իրավիճակները սխալ են մեկնաբանում, ինչը հանգեցնում է մթնոլորտի շիկացման, մրցավարական աշխատանքի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների։ Եվ, որ ոչ պակաս կարևոր է, ֆուտբոլիստները խաղի ժամանակ թիմային կամ անհատական որոշումներ են կայացնում՝ սխալմամբ կարծելով, թե խաղից դուրս վիճակ են ստեղծել։
Խաղի կանոնների հստակեցումը կարևոր է ու անհրաժեշտ’ մարզիչներին և ֆուտբոլիստներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 15-ին տեղի ունեցած դասընթացն անցել է միջազգային խաղերից վերցրած տեսանյութերի ցուցադրմամբ։