Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Բացման արարողության ժամանակ ներկայացվել են նաև Երևանում կայանալիք մրցաշարի մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։
Հայաստանի թիմն, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ Միքայել Ավանեսյան, Դավիթ Պողոսյան, Հովհաննես Սողոյան: Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-29-ն «Ինկորտ» թենիսի ակումբում: Մուտքն ազատ է:
Եվրոպական ամառային գավաթի B, C և D գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը կանցկացվեն համապատասխանաբար Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման 4 շրջանների հաղթող թիմերը հուլիսի 1-3-ը իսպանական Վալենսիա քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին: