Հունիսի 23-ից 26-ը Երևանում կայանալիք SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարը կարևոր նշանակություն ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։
Դրա կարևորությունը շեշտեցին նաև Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցած ասուլիսի մասնակիցները։
«Կարևոր մրցաշար է լինելու, որով պետք է պատրաստվենք Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը։ Մարզումներն անցնում են շատ պրոֆեսիոնալ մակարդակով»,- նշեց Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Սպայթ Մկրտչյանը։
Հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Ալբերտ Թադևոսյանը մեծ ակնկալիքներ ունի Մալթայում կայանալիք մրցաշարից։
«Ուրախ եմ, որ Ռեքսի նման մասնագետ է մեզ հետ աշխատում։ Երկար դադարից հետո կրկին հավաքականը վերաձևավորվել է։ Մարզումները շատ լավ են անցնում։ Արագությունները շատ բարձր մակարդակի են։ Մալթայում կայանալիք մրցաշարից մեր ակնկալիքը առաջին տեղը գրավելն է»,- ավելացրեց Թադևոսյանը։