Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է, թե ինչ հանգամանքներում է ստիպված եղել լքել «Ինտերը»:
«Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ «Ինտերից», քանի որ զգում էի, որ դա իմ տունն է ողջ կյանքի համար: Ես երբեք նախագահին չեմ դիմել պահանջով, որ հեռացնի գլխավոր մարզչին, քանի որ դա սխալ էր, դա իմ ոճը չէր:
Այնուամենայնիվ, մենք Էկտոր Կուպերի հետ հասել էինք վերջնակետին, ես պարզապես չէի կարող որևէ բան անել: Նա վատ էր վերաբերվում ինձ: Չգիտեմ՝ կարո՞ղ էր արդյոք այդ իրավիճակը փոխել սկուդետո նվաճելը:
Ես համոզված էի, որ Մասսիմո Մորատտին կհեռացնի Կուպերին, դրա համար էլ ինձ համար տհաճ անակնկալ էր, երբ նա աջակցեց մարզչին: Այդ պահին ես չափազանց հպարտ էի ու որոշեցի հեռանալ:
Քաղաքը, որն առաջ սիրում էր ինձ, հիմա ատում էր: Ես ոստիկանության պաշտպանության կարիքն ունեի: Դա ծանր էր: Ես պաշտում եմ Մորատտիին: Ինձ համար նա հոր պես է եղել: Մենք այդ իրավիճակի մասին եկել ենք այն եզրակացության, որ երկուսս էլ սխալներ ենք թույլ տվել», – Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: