Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում (2-1)։ Քեյնը 78-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հաղթանակ պարգևել անգլիացիներին։
Սա Քեյնի 49-րդ գոլն էր Անգլիայի հավաքականի մարզաշապիկով։ Այս ցուցանիշով նա հավասարվել է լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնին։ Այս ցուցանիշին հասնելու համար Քեյնին 68 խաղ է պահանջվել, իսկ Չարլթոնից՝ 106։
Հիշեցնենք՝ Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն Ուեյն Ռունին է։ Նա 120 խաղում դարձել է 53 գոլի հեղինակ։
Քեյնը «Տոտենհեմի» սան է, իսկ 2011 թվականից հանդես է գալիս ակումբի հիմնական թիմի կազմում։
ԱՊԼ ընթացիկ առաջնությունում Քեյնը 28 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































