«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել եվրոպական թոփ ակումբներից մեկում։
Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ արգենտինացին կլքի թուրինցիների ճամբարը մրցաշրջանի ավարտից հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են «Ինտերն» ու «Ատլետիկոն»: Միլանցիները պատրաստ են հարձակվողին առաջարկել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ։ Calciomercato-ն իր հերթին հայտնում է՝ մեծ է հավանականությունը, որ Դիբալան կարիերան կշարունակի Իսպանիայում։
Դիբալայի տրանսֆերի մյուս հավակնորդների թվում են «Տոտենհեմը», «Արսենալը» և ՊՍԺ-ն: «Չելսին» ևս հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվողով։ Այս տեղեկությունը կիսում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պաուլոն «Յուվենտուսում» է 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: