Երևանի ԲԿՄԱ բասկետբոլային ակումբը հայտարարել է, որ չի շարունակի պայքարը Հայաստանի առաջնությունում:
«Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Vbet Ա լիգայի ամբողջ ընթացքում, փորձեցինք պայքարել և գեղեցիկ խաղի միջոցով առաջնությանը ուրիշ երանգ տալ` գրավելով կանոնավոր առաջնության պատվավոր երրորդ հորիզոնականը: Այժմ` հասնելով առաջնության փլեյ-օֆֆի վճռորոշ այս խաղին, ցավոք, պետք է դադարեցնենք պայքարն առաջնության չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում: Դեռևս ¼ եզրափակիչի խաղից առաջ անձնական պատճառներով թիմից հեռացավ առաջատար Ֆրեյդ Սլեյդերը: Իսկ այժմ էլ «Արցախ»-ի դեմ խաղում մեր առաջատար, առաջնության ռեկորդակիր Դենզել Մենսայի ստացած վնասվածքի պատճառով, մեծ ցավով հայտնում ենք, որ հրաժարվում ենք փլեյ-օֆֆի «Արցախ»-ի դեմ վճռորոշ երրորդ խաղից` հաջողություն մաղթելով առաջնությունում իրենց պայքարը շարունակող մյուս ակումբներին: Մենք նաև իրավունք չունենք շարունակելու պայքարը ըստ առաջնության կանոնադրության, քանի որ չենք կարող հայտագրել առնվազն 7 բասկետբոլիստի» — ասված է բասկետբոլային ակումբի հայտարարության մեջ: