«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո տարաձայնություններ է ունեցել ակումբի երկրպագուների հետ: Խաղից հետո տեսանյութ էր տարածվել, որում Ռեշֆորդը ենթադրաբար միջնամատ է ցույց տվել երկրպագուների հասցեին, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնել ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ.
«Տեսանյութը կարող է հանգեցնել ոչ ճշտված ինֆորմացիայի տարածման սոցիալական ցանցերում: Այդ մարդիկ մի քանի շաբաթ մեզ հետապնդում էին, սպառնում էին, հարցաքննում էին, իսկ անցած գիշեր իմ նյարդերը տեղի տվեցին: Ամեն օր այս անհեթեթությունն իմ մասին կարդալով և լսելով՝ դու մաշվում ես:
Ոչ ոք այնպես չի քննադատում իմ աշխատանքն, ինչպես՝ ես: Բայց այն, ինչ տեսնում եք այդ տեսանյութում, կոնտեքստից դուրս է: Վիրավորանքներն միայն իմ խաղին չէին ուղղված: Մարդիկ ինձնից արձագանք էին սպասում: Հեռախոսները պատրաստ վիճակում էին գտնվում: Իհարկե, ես պետք է անտարբեր մնայի և արհամարհեի դա: Ինձ վիրավորած մարդկանց խնդրեցի մոտենալ և այդ ամենն ասել դեմքիս: Ես միջնամատ ցույց չեմ տվել նրանց, դրա իրավունքը չունեմ: Ես վշտացած եմ ու հիասթափված եմ: Այո, հիմարություն էր, բայց ես ինձ մարդկային եմ պահել»,- գրել է Ռեշֆորդը Թվիթերի իր էջում:
Հիշեցնենք՝ երկու խաղերի արդյունքում ՄՅՈՒ-ն պարտվել է «Ատլետիկոյին» ընդհանուր 1-2 հաշվով և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից:
























































