Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղի միակ գնդակն առաջին կեսի վերջնամասում հեղինակել է մադրիդյան թիմի ֆուտբոլիստ Ռենան Լոդին՝ 41-րդ րոպեին գրավելով տանտերերի դարպասը։
Իսպանական թիմի հարձկավող Ժոաու Ֆելիքսը կրունկով կատարած փոխանցումով գնդակը հասցեագրել է տուգանայինի աջ եզր, որտեղ Անտուան Գրիզմանն ընդունել է այն ու փոխանցել կենտրոն, որտեղից էլ Լոդին գլխի հարվածով գրավել է անգլիական թիմի դարպասը։
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, այդպիսով «Ատլետիկոն» երկու խաղերի արդյունքում 2-1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ ՄՅՈՒ-ն ավարտել է ելույթները մրցաշարում։
























































