«Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ կարող են հեռանալ լոնդոնյան թիմից՝ ակումբի նախագահ Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստները դիտարկում են պայմանագրերը խզելու հնարավորությունը, եթե «Չելսիի» ֆինանսական վիճակը վատթարանա և աշխատավարձերը ուշանան։ Որոշ խաղացողներ արդեն կապ են հաստատել իրենց փաստաբանների հետ, որպեսզի քննարկեն պայմանագրերը խզելու հնարավորությունը։
Մարտի 10-ին «Չելսիի» սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ կիրառեց։ Արգելափակվեցին ռուս բիզնեսմենի բանկային հաշիվները, այդ թվում նաև՝ ֆուտբոլային ակումբի։
«Չելսին» ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանի 27 խաղից հետո 56 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
























































