Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Դանիիլ Մեդվեդևին և Կարեն Խաչանովին իրենց կամքին հակառակ ստիպել են հեռացնել Ռուսաստանի դրոշը Instagram-ի պրոֆիլներից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ATP-ի աղբյուրին։
Ավելի վաղ դրոշն անհետացել էր երկու մարզիկների էջերից։ Մարտի 1-ին ATP-ն և WTA-ն, կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, որոշել են չզրկել ռուս մարզիկներին մրցումներին մասնակցելու իրավունքից՝ թույլ տալով նրանց հանդես գալ չեզոք կարգավիճակում։
«Մեդվեդևն ու Խաչանովը ստիպված են եղել հեռացնել Ռուսաստանի դրոշն իրենց պրոֆիլներից՝ մրցաշարերից զրկվելու սպառնալիքով», — ասել է ATP-ի աղբյուրը:
Հիշեցնենք, որ թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) ռուսներին արգելել է մասնակցել իր հովանու ներքո անցկացվող մրցումներին։
























































