«Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 126-րդ համար Յանիկ Հանֆմանի նկատմամբ տարած հաղթանակը։ Հանդիպումը տևել է 2 ժամ 42 րոպե և ավարտվել 6:2, 6:3, 6:4 հաշվով։
«Ես ճանաչում էի նրան, եթե չեմ սխալվում, մի քանի տարի առաջ մենք արդեն խաղացել ենք Ռոլան Գարոսի առաջին տուրում: Ես գիտեի, որ նա վտանգավոր է, և առաջին սեթում Տանասի Կոկինակիսի դեմ արդյունքը ցույց տվեց, որ նա հիանալի է գործում:
Այսօր նրա մակարդակը շատ ավելի բարձր էր, քան ցույց է տալիս վարկանիշը։ Ես նրան հաջողություն եմ մաղթում, նա հիանալի տղա է»:
Նադալը խոսել է նաև այն մասին, թե ինչպես է աշխատում ֆիզիկական պատրաստվածության վրա։
«Ես գոլֆ եմ խաղում (ծիծաղում է):
Ճիշտն ասած, ես մարզասրահի մեծ սիրահար չեմ (ծիծաղում է): Ես ավելի շատ սիրում եմ խաղալ:
Այո, ցավոք, վերջին մի քանի տարիներին ծնկի և ոտքի վնասվածքների պատճառով ես այնքան հաճախ չեմ զբաղվում տարբեր սպորտաձևերով, ինչպես նախկինում։ Եվ հիմա ես պետք է ավելի շատ կենտրոնանամ այն ամենի վրա, ինչի մասին նախկինում չէի մտածում»,- ասել է իսպանացին Tennis TV-ին: