Բժշկական փորձագետների խումբը քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը տրանսգենդեր մարզիկների վերաբերյալ՝ նշելով, որ ՄՕԿ-ը անտեսում է գիտությունը։ Նրանց դիրքորոշումը հրապարակվել է British Medical Journal Open Sport & Exercise Medicine ամսագրում, հայտնում է The Guardian-ը:
Թերթում Սպորտային բժշկության միջազգային ֆեդերացիայի և Սպորտային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆեդերացիայի հետ համագործակցող գիտնականները զգուշացնում են, որ տրանսգենդեր մարզիկների վերաբերյալ ՄՕԿ-ի նոր հայեցակարգը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության կանանց սպորտում: Նրանք պնդում են, որ ՄՕԿ-ի դիրքորոշումը «խիստ հակասում է բազմաթիվ սպորտային բժշկության ասոցիացիաների և հանձնաժողովների գիտական ապացույցներին և հետագա գնահատմանը»:
Բանն այն է, որ ՄՕԿ-ի նոր հայեցակարգի համաձայն՝ տրանսգենդերները ստիպված չեն լինի հատուկ նվազեցնել տեստոստերոնի մակարդակը՝ կանանց մրցումներին մասնակցելու համար։ Դրա շնորհիվ նախկին տղամարդիկ, ովքեր անցել են կանանց մրցումներին, կարող են առավելություն ստանալ, կարծում են բժշկական փորձագետները։
«ՄՕԿ-ի նոր հայեցակարգը հիմնականում կենտրոնացած է մարդու իրավունքների վրա, և հաշվի չեն առնվում գիտական, կենսաբանական կամ բժշկական ասպեկտները»,- ասվում է փաստաթղթում։
Այս փաստաթուղթը ստորագրել են 38 փորձագետներ, այդ թվում՝ Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի (World Athletics) բժշկական բաժնի ղեկավարը, Հեծանվասպորտի միջազգային միության (UCI) բժշկական տնօրենը և Թիավարության միջազգային ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահը։
«Արդար է հարգել տրանսգենդեր կանանց ընտրությունը՝ մրցակցելու կանանց հետ: Բայց արդարադատությունը միշտ երկկողմանի է, և մի խումբը չի կարող որոշել, թե ինչն է արդար մյուսի համար»,- Daily Mail-ին ասել է Թիավարության համաշխարհային բժշկական հանձնաժողովի ղեկավար Յուրգեն Շտայնքերը: «Այս դեպքում, կարծում եմ այն, ինչ նրանք անում են, անարդար է կանանց նկատմամբ»,- ավելացրել է նա:
«Սպորտը ներառական է, բայց ներառական է այնքան ժամանակ, քանի դեռ խոսքը չի գնում մեդալների մասին: Եթե ցանկանում եք սպորտում հանդես գալ որպես կին, դուք կենսաբանորեն կբախվեք թերությունների հետ՝ համեմատած տղամարդկանց հետ: Մենք պետք է սահմանենք սահմանափակումներ, որը հարգում է կանանց իրավահավասար մրցակցության իրավունքը: Եթե դուք սեռի սահմանում ստեղծեք՝ հիմնված սոցիալական, այլ ոչ թե կենսաբանական տարբերությունների վրա, դուք արդյունավետորեն կկործանեք կանանց սպորտը», — հավելել է Շտայնքերը: