Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կարող է մոտ 30 միլիոն դոլար կորցնել հովանավորներից՝ պատվաստումների նկատմամբ իր վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտնում է Tennis Head-ը։
Ըստ աղբյուրի՝ Ջոկովիչի որոշ հովանավորներ ուշադիր հետևելու են սերբի շուրջ ստեղծված իրավիճակին։ Եթե Նովակը շարունակի ակտիվորեն հանդես գալ պատվաստումների դեմ, ապա որոշ ընկերություններ կարող են հրաժարվել նրա հետ համագործակցությունից, ինչը կհանգեցնի ֆինանսական կորուստների։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու համար Ավստրալիա ժամանելուն պես սերբ թենիսիստը, ով պատվաստված չէր կորոնավիրուսի դեմ, կարանտինացվել էր ներգաղթյալների համար նախատեսված հյուրանոցում:
Ի սկզբանե նրան ցանկացել են արտաքսել երկրից, սակայն թենիսիստի փաստաբանները բողոքարկել են։ Երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, Մելբուրնի շրջանային դատարանը չեղյալ է համարել Ջոկովիչի ավստրալական վիզան չեղարկելու որոշումը։