«Փյունիկ-07»-ի և Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը մեկնում է Իսպանիա՝ ֆուտբոլային կրթությունը Avanza Residency Academy-ում շարունակելու։
Ֆուտբոլիստը, որը ծնվել է 2007 թվականին, հասցրել է երկու անգամ դառնալ Հայաստանի պատանեկան առաջնության չեմպիոն, ինչպես նաև Վրաստանում անցկացված Dinamo Cup մրցաշարում ճանաչվել լավագույն հարձակվող։
ArmSport-ը ֆուտբոլիստի հետ զրուցել է մարզական առաջին քայլերի, ունեցած նվաճումների, ինչպես նաև սպասվելիք ֆուտբոլային «ճանապարհորդության» մասին։
-Արամե, քանի՞ տարեկանում ես սկսել զբաղվել ֆուտբոլով։
-Յոթ տարեկանից սկսել եմ լրջորեն զբաղվել ֆուտբոլով։ Սկզբնական հատվածում հաճախում էի «Միկայի» մարզադպրոց, իսկ 2016 թվականից հանդես եմ գալիս «Փյունիկի» համակարգում։
-Ինչպե՞ս առաջացավ ֆուտբոլիստ դառնալու ցանկությունդ։
-Հայրիկս նախկին ֆուտբոլիստ է(Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ), և ֆուտբոլային ընտանիքում մեծանալով` ես էլ «սիրահարվեցի» մարզաձևին։ Ամեն օրս սկսվում և ավարտվում էր ֆուտբոլով, և դա չի փոխվել առ այսօր։ Հայրիկս կիսատ թողած գործ ունի, որը ես պետք է շարունակեմ։
-Ինչպե՞ս առաջացավ Իսպանիա տեղափոխվելու տարբերակը։ Ո՞ր ակումբ ես տեղափոխվելու։
-Տեղափոխվելու եմ Avanza Residency Academy, որը գտնվում է Բարսելոնայում։ Ծնողներս որոշեցին, որ ուսումնական և ֆուտբոլային կրթությունս պետք է շարունակեմ Հայաստանի սահմաններից դուրս։ Արդյունքում հայտնվեց այս ակադեմիա տեղափոխվելու տարբերակը, և բանակցությունների արդյունքում որոշեցինք, որ պետք է տեղափոխվեմ։
-Ի՞նչ տեղեկություններ կարող ես հայտնել ակադեմիայի մասին։ Արդյո՞ք այստեղից հայտնի ֆուտբոլիստներ դուրս են եկել։
-Գիտեմ, որ իրենք համագործակցում են մադրիդյան երկու գրանդների՝ «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետ։ Եվ այն խաղացողները, որոնք կարողանում են իրենց լավ դրսևորել, հետագայում տեղափոխվում են նման բարձրակարգ ակումբներ։
-Ինչքա՞ն ժամանակով ես տեղափոխվում։
-Նախնական պայմանագիրս նախատեսված է մեկ տարվա համար։
-Կայի՞ն այլ տարբերակներ, թե՞ այս ակադեմիան միակն էր, որտեղ կարող էիր շարունակել կարիերադ։
-Անկեղծ ասած, այդքան էլ շատ տարբերակներ չենք դիտարկել, և ամենահարմարը հենց այս ակադեմիան էր։
Վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել «Փյունիկ» ակումբի ղեկավարությանը, ողջ մարզչական կազմին, այդ թվում Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ համատեղ աշխատանքի համար։
Սուրեն Մելիքսեթյան