Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վերսկսել է մարզումներն իր նախկին ակումբի՝ դանիական «Օդենսեի» կազմում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա դանիացի ֆուտբոլիստը վերջերս սկսել է անհատական մարզումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է վերսկսել կարիերան սրտի հետ կապված խնդիրներից հետո։ Նրա ելույթներն Իտալիայի առաջնությունում, ամենայն հավանականությամբ, ավարտվեցին՝ նրա վատառողոջթյան պատճառով։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին՝ Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի վերջնամասում Էրիկսենը կորցրեց գիտակցությունն ու ընկավ խոտածածկին։ Մոտ 15 րոպե բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչից հետո նրան տեղափոխվեցին հիվանդանոց։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ էր գրանցվել։ Քրիստիանի մարմնում սրտամկանի դեֆիբրիլյատոր են տեղադրել։ Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը: