Միջազգային Oլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը:
«Մենք հիմնվում ենք միջազգային մարզական միջոցառումների անցկացման հաջող փորձի, ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպման քաղաքականության վրա», — ՄՕԿ-ի տարածած հաղորդագրությունն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՄՕԿ-ը նաև ասել է, որ բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող են հարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։ Ըստ կանոնադրության՝ խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-ից կներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:
Փակ համակարգը կներառի խաղերի հետ կապված բոլոր ոլորտները՝ ներառյալ ժամանումներն ու մեկնումները, տրանսպորտը, բնակեցումը, սնունդը, մրցումները, բացման ու փակման արարողությունները: Մասնակիցներին կթույլատրվի տեղաշարժվել խաղերի հետ կապված հաստատություններում: Կստեղծվի նաև հատուկ տրանսպորտային համակարգ։