«Ռայո Վալեկանոյի» 35-ամյա հարձակվող Ռադամել Ֆալկաոն 3-4 շաբաթով դուրս է մնացել շարքից վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 13-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղում և փոխարինվել հանդիպման 81-րդ րոպեին:
Կոլումբացին «Ռայո Վալեկանո» է տեղափոխվել սեպտեմբերին՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 2.2 մլն եվրո է գնահատում:
Իսպանիայի առաջնությունում Ֆալկաոն 8 խաղ է անցկացրել և դարձել 5 գոլի հեղինակ:
























































