Նորվիչում երեկ կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպում, որում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթեց «Նորվիչին»: Լիվերպուլցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Տակումի Մինամինոն: Եվս մեկ գոլ խփեց Օրիգին: Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, իսկ այս փուլում նրանց մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:
«Մանչեսթեր Սիթին» ևս դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Մրցաշարի երրորդ տուրի խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը հանդիպեց «Ուայքոմ Վանդերերսի» հետ և նույնիսկ թույլ տվեց մրցակցին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն «Սիթին» վեց անգամ գրավեց հյուրերի դարպասը և ջախջախիչ հաղթանակ տարավ: Դուբլի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը, գոլերի հեղինակ դարձան Կևին Դե Բրույնեն, Ֆիլ Ֆոդենը, Ֆերան Տորեսը և Քոուլ Պալմերը:
ԱՊԼ-ի նորեկ «Բրենթֆորդը» ոչ ֆուտբոլային՝ 7-0 հաշվով ջախջախեց «Օլդհեմ Աթլետիկին»։ Այդ խաղում պոկեր ձևակերպեց երիտասարդ ֆինն հարձակվող Մարկուս Ֆորսը, ևս երկու գոլ խփեց Յոան Վիսսան, և այդքանը դեռ բավական չէր հյուրերին, նրանց ֆուտբոլիստ Դիարան ևս մեկ գոլ է նվիրում տանտերերին «ջերմ» հյուրընկալության համար՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Հայտնի են դարձել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ևս երեք մասնակից: Դրանք են «Լիդսը», «Քուինս Պարկ Ռեյնջերսն» ու «Սաութհեմփթոնը»: Երեք թիմերն էլ հաղթահարեցին մրցաշարի երրորդ փուլը՝ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով իրենց մրցակիցներին: Բիելսայի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին «Ֆուլհեմի» խաղացողներից, ՔՊՌ-ն հաղթեց «Էվերթոնին», իսկ «Սրբերը»՝ «Շեֆիլդ Յունայթեդին»։