Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է Մյունխենի «Բավարիային» և 0-3 հաշվով պարտություն է կրել:
Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում` 52-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկել է այն: Խաղավարտին` 84-րդ րոպեին, Լևանդովսկին դուբլ է ձևակերպել` դնելով հանդիպման վերջակետը:
E խմբի մյուս խաղը կայացել է Կիևում, որտեղ «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել է «Բենֆիկային» և ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
Նշենք` հանդիպման հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին տանտերերի 22-ամյա կիսապաշտպան Միկոլա Շապարենկոն աչքի է ընկել խփած գնդակով, սակայն VAR համակարգի ցուցումով գոլը չի արձանագրվել` խաղից դուրս վիճակի պատճառով:
Այսպիսով, խմբային փուլի առաջին տուրից հետո «Բարսելոնան» այս խմբի միակ թիմն է, որը միավոր չվաստակեց:
Եվս մեկ խաղ կայացել է Ֆրանսիայում: G խմբում ընդգրկված «Լիլլ» և «Վոլֆսբուրգ» թիմերի միջև: Այս խաղում թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները: Հատկանշական է, որ գերմանական թիմը 63-րդ րոպեից խաղացել է 10 հոգով. Էնթոնի Բրուկսը, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել է խաղադաշտից, սակայն տանտերերին այդպես էլ չի հաջողվել օգտվել ունեցած թվային առավելությունից: