«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ թիմի կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է երկար ժամանակ շարքից դուրս գալ վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Չելսիի» հետ ընկերական խաղում։ Արդյունքում նա չի կարողացել ավարտել խաղը։
«Հենց նոր եմ խոսել բժշկի հետ։ Վաղը նրան ռենտգեն կանեն։ Բայց առայժմ ամեն ինչ վատ է երևում»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
Պարտին 40-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը՝ Լոֆտուս-Չիկի հետ բախվելուց հետո։ Նրան փոխարինել է Գրանիտ Ջական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջական կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Բայց ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ լոնդոնցիները մտադիր են պահել նրան ու երկարաձգել պայմանագիրը։
Ընկերական խաղն ավարտվել է «Չելսիի»՝ 2-1 հաշվով հաղթանակով։ «Կապույտների» կազմում աչքի են ընկել Կայ Հավերցն ու Տեմի Աբրահամը, իսկ «Արսենալի» կազմում՝ Ջական։
Պարտին «Արսենալ» էր տեղափոխվել «Ատլետիկոյից» 2020-ի հոկտեմբերին։