Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում ընդունել է Լյուքսեմբուրգի հասակակիցների հավաքականին: Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չխփվեցին:

Մեր ընտրանին բավականին ակտիվ էր գործում, շատ հաճախ էր հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում, սակայն վերջին հարվածը մերոնց մոտ այդպես էլ չէր ստացվում:
Խաղավարտին Արմեն Հովհաննիսյանը կարողացավ շրջանցել մրցակցի պաշտպանին ու մեն-մենակ մնալ Լյուքսեմբուրգի դարպասապահի հետ: Առաջ նետված Տիմ Կիպսը խախտեց կանոնները Հովհաննիսյանի նկատմամբ ու երկուսն էլ հայտնվեցին խոտածածկին: Բուժօգնություն ստանալուց հետո Հովհաննիսյանը վերադարձավ խաղի մեջ, իսկ Կիպսը կարմիր քարտ ստացավ՝ թիմին թողնելով 10 հոգով:
Այդ դրվագի համար Հայաստանի հավաքականը տուգանայինի հնարավորություն ստացավ, սակայն շատ անհաջող իրացրեց հարվածը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին 10 հոգով մնացած Լյուքսեմբուրգը մոտ էր մերոնց դարպասը գրավելուն. փրկեց հորիզոնական դարպասաձողը: