Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայի դեմ կայանալիք խաղի մասին։
-Մեզ դժվար խաղ է սպասվում։ Իտալիան գերազանց թիմ է։ Նրանք մեծ մրցաշարերում հաղթանակների հարուստ պատմություն ունեն։ Նրանք շատ փորձառու թիմ ունեն, այնտեղ հանդես են գալիս անհատապես շնորհալի խաղացողներ, բայց այն շատ միասնական կոլեկտիվ է։ Դժվարին պայքար է սպասվում, բայց գիտեք, որ մենք ունենք ավելին, քան պետք է հաղթանակի համար։
Պիտի կենտրոնանանք մեզ վրա, պատրաստվենք դաշտ դուրս գալուն այնպես, ինչպես նախորդ խաղերին։ Պիտի մտածել այն մասին, որ մենք ունակ ենք հաղթել։ Մեծ խաղերում, խոշոր եզրափակիչներում ամեն ինչ որոշում են մանրուքները։ Պիտի հավատալ, որ դրանք մեր օգտին կլինեն։
-Եվրոյում հաղթանակն ի՞նչ նշանակություն կունենա։
-Դա ամեն ինչ կնշանակի թե՛ ինձ, թե՛ թիմի համար։ Դա միանշանակ։ Արդեն ասել եմ, որ հավաքականի հետ հաղթանակն ավելի մեծ նշանակություն ունի, քան ակումբային մակարդակի ցանկացած տիտղոս։ Մենք շանս ունենք։
Անգլիան վաղուց եզրափակիչներում չի խաղացել, այնպես որ պիտի երկու ձեռքով բռնվենք այս հնարավորությունից,- ասել է Քեյնը։
Իտալիա-Անգլիա եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին, Լոնդոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։