«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունների ընթացքի մասին։
«Մենք ուզում ենք, որ նա մնա, իսկ Լեոն էլ ուզում է մեզ մոտ մնալ։ Ամեն ինչ լավ է ընթանում, բայց ֆինանսական fair play-ի հետ կապված խնդիրներն ունենք։ Մենք երկու կողմի համար լավագույն լուծման փնտրտուքների մեջ ենք։
Կցանկանայի հնարավորություն ունենալ ասելու, որ Լեոն մնում է, բայց առայժմ չեմ կարող դա անել»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Հուլիսի 1-ին Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվեց ու նա ձեռք բերեց ազատ գործակալի կարգավիճակ։
Մեսսին ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»՝ 2003 թվականից։ Այդ ընթացքում նա կապտանռնագույնների հետ 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել Գավաթը, 8 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել ՉԼ-ն, իսկ 3-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը։
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 35 խաղի, խփել 30 գոլ ու դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ։ ՉԼ 6 խաղում նրա ակտիվում 5 գոլ ու 2 փոխանցում է։