Բելգիացի լրագրող Լյուդո Վանդեվալեն Nieuwsblad կայքում հոդված է հրապարակել Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Բելգիա-Ռուսաստան խաղի վերաբերյալ։ Հոդվածը կրում է «Նույնիսկ առանց Էդեն Ազարի, Քևին դե Բրույնեի և Ակսել Վիտցելի, Ռուսաստանը պետք է ոչնչացվի․ հարցը կարգի մեջ է» վերնագրով։
«Ամբողջ Եվրոպան կհետևի Բելգիա-Ռուսաստան խաղին, և բելգիացիներն իրավունք չունեն պարտվելու, որպեսզի անհաջողությունը չանդրադառնա մրցաշարի հետագա ընթացքի վրա։ Առաջին խաղը հավասարազոր է եզրափակչի․ միշտ ամենադժվարն է առաջնությունում։ «Կարմիր սատանաները» գիտեն այդ մասին։
Սակայն Ռուսաստանի հավաքականն այն մրցակիցը չէ, որը 15 րոպեից ավելի կարող է խնդիրներ առաջացնել։ Եվրոպայի այս առաջնությունում նվազագույնը 10 հավաքական կա, որոնք ավելի ուժեղ են, քան աշխարհի ամենամեծ երկրի թիմը»,- գրում է հոդվածագիրը։
Հիշեցնենք՝ Բելգիա-Ռուսաստան խաղը կկայանա այսօր՝ հունիսի 12-ին, Սանկտ-Պետերբուրգում։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։