Այսօր՝ մայիսի 30-ին, Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի թենիսի Բաց առաջնությունը: «Ռոլան Գարոս-2021»-ի եզրափակիչը կկայանա հունիսի 13-ին:
Նախորդ տարի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարն անցկացվեց անսովոր ժամանակ՝ աշնանը՝ գրեթե դատարկ տրիբունաների ներքո: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ ավելի մեծ թվով երկրպագուներ կկարողանան ներկա գտնվել մրցաշարին. տրիբունաների 35%-ը հնարավոր կլինի զբաղեցնել: Հավանական է նաև, որ մրցաշարի եզրափակիչ փուլերին այդ թիվը կավելանա:
2020 թվականին իր կարիերայում 13-րդ անգամ տղամարդկանց մենապայքարում հաղթող ճանաչվեց իսպանացի Ռաֆայել Նադալը: Գրունտի արքան եզրափակչում 6:0, 6:2, 7:5 հաշվով առավելության հասավ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
Ռոլան-Գարոս-2021-ի մեկնարկում Նադալը կխաղա Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ:
Կանանց պայքարում կարիերայում առաջին անգամ Ռոլան Գարոսի հաղթողի տիտղոսը նվաճեց 19-ամյա լեհ թենիսիստուհի Իգա Շվենտեկը: Կանանց զուգախաղում հաղթեց Կրիստինա Մլադենովիչ (Ֆրանսիա) և Տիմեա Բաբոշ (Հունգարիա) զույգը, իսկ տղամարդկանց զուգախաղում՝ Քևին Կրավիցն ու Անդրեաս Միսը Գերմանիայից:
Հինգշաբթի՝ մայիսի 27-ին, ֆրանսիական մրցաշարի ռեկորդակիր Ռաֆայել Նադալը (13 հաղթանակ) մարզում անցկացրեց Ռոլան Գարոսի կորտերում, իսկ հետո ուղևորվեց մարզական համալիրի տարածքում իր՝ 3-մետրանոց արձանի բացմանը:
A moment unlike any other for our greatest champion 😮#RolandGarros | @RafaelNadal pic.twitter.com/ioi1UbnfG4
— Roland-Garros (@rolandgarros) May 27, 2021
Կանանց պայքարում Ֆրանսիայի Բաց առաջնությունում ամենաշատ հաղթանակներն իր ակտիվում գրանցել է ամերիկուհի Քրիս Էվերտը՝ 7 անգամ, 6-ական անգամ Ռոլան Գարոսի հաղթող են ճանաչվել գերմանացի Շտեֆի Գրաֆն ու ֆրանսիացի Սյուզան Լենգլենը:
Այս մրցաշարին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում նաև այն փաստը, որը գլխավոր աստղերի եռյակը՝ Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը հայտնվել են մրցաշարային ցանցի առաջին հատվածում: Սա նշանակում է, որ եզրափակիչ կկարողանա դուրս գալ նրանցից միայն մեկը: Ուժեղագույնների եռյակը Ավստրալիայի 2020 թվականի Բաց առաջնությունից ի վեր առաջին անգամ է միասին հավաքվել որևէ մրցաշարում:
Ֆեդերերը վերջերս է վիրահատության ենթարկվել ու վերջին 12 ամիսների ընթացքում ընդամենը 3 խաղ է անցկացրել՝ դրանցից մեկում հաղթանակ տանելով:
Եթե Ռոլան Գարոսում այս տարի ևս հաղթի Նադալը, ապա նա Grand Slam-ի մրցաշարերում տարած հաղթանակների քանակով բացարձակ ռեկորդ կսահմանի՝ դրանց թիվը հասցնելով 21-ի:
Կանանց պայքարում չեմպիոնության հավակնորդների թվում են Իգա Շվենտեկը, 2019 թվականի հաղթող Էշլի Բարտին և ճապոնուհի Նաոմի Օսական: