Հայ սամբիստ Դավիթ Հովսեփյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշայինների եզրափակչում, ինչպես հայտնի է, հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Դավիթի պատմությունը․
«Դավիթը ծնվել է 2001թ. Արցախում, Շուշեցի է: Բազմաթիվ մրցաշարեր է հաղթել, դարձել Հայաստանի չեմպիոն, 2019թ. հռչակվել Սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, նույն տարի՝ Աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն:
Դավիթի ընտանիքի համար Շուշին թողնելը անսպասելի ու հապճեպ էր, այնքան հապճեպ, որ չհասցրին վերցնել անգամ Դավիթի մարզական մեդալները: Հիմա ապրում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում:
Դավիթը որոշել է թարմացնել մեդալների հավաքածուն:
2021թ. մայիսի 27-ին, Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը, եզրափակչում էլ՝ դժվար ու նյարդայյին, լարված պայքարում հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու հռչակվեց չեմպիոն»։