Ադրբեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ հղում կատարելով միջազգային ֆեդերացիային:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը Լիմասոլից ահա թե ինչ է պատմել.
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, մրցակիցը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:
Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչների մրցումային օրվա եզրափակիչների ընթացքում: